Նախօրեին Վաղարշապատ համայնքի «Հաղթանակ» դաշինքի անդամների տներում խուզարկություններ են տեղի ունեցել. խուզարկել են ավագանու անդամության թեկնածու առաջադրված չորս անձանց տները: ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթների շրջանակներում իրականացվում են ապացուցողական և այլ գործողություններ։               
 

Նիկոլ հայադավը, ինքն էլ չգիտակցելով, երեկ ընդդիմությանը հերթական դասը տվեց, թե որն է գերագույն գլխավոր չարիքից ազատվելու միակ ճանապարհը

Նիկոլ հայադավը, ինքն էլ չգիտակցելով, երեկ ընդդիմությանը հերթական դասը տվեց, թե որն է գերագույն գլխավոր չարիքից ազատվելու միակ ճանապարհը
18.11.2025 | 10:48

Ընտրություններո՞վ… Ընտրությունների միջոցո՞վ… Այստեղ պատշաճ կլինի հոմերական քրքիջը կամ էլ հետևյալ արտահայտությունը՝ առահա…

Ընտրակեղծիքների և ընտրախախտումների տեխնոլոգիան եթե ոչ անձամբ Նիկոլ հայադավի, ապա իր ոհմակի (չարախմբի) կողմից մշակվել ու հասցվել է գրեթե կատարելության աստիճանի: Բնավ պատահական չէ, որ Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Նիկոլ հայադավի կամոք և հանցավորկերպով կարգվել է դեռ «Թուրքական ժամանակ» թերթից նրա գործընկեր և ընկեր Վահագն Հովակիմյանը:

Կարո՞ղ են բացառություններ լինել, կարո՞ղ է ընտրություններին ընտրողների ընդդիմադիր հատվածի մասնակցությունն այնքան մեծ լինի, դիմադրության կամքն այնքան մեծ, պայքարն այնքան գրագետ, որ ընտրություններում ընդդիմության թեկնածուն հաղթի, «Քեմալական պայմանագիրը» և իր արբանյակները պարտվեն: Հիմնվելով այն սկզբունքի և տրամաբանության վրա, որ բացառություններ լինում են ամենուր, կարող են, կարող է… Գյումրիում ընտրությունների արդյունքները վկայեցին դա, թեև խիստ կասկածում եմ, թե Նիկոլ հայադավը և իր ոհմակն այսուհետ նման «վրիպում» թույլ կտան: Ավելին. Նիկոլը և իր ոհմակը շատ արագ ուղղեցին իրենց թույլ տված «սխալը»… Որտե՞ղ է հիմա Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը… Դե, իհարկե, քրեակատարողական հիմնարկում: Եվ, ուրեմն, այստեղից պետք է համապատասխան հետևություններ կատարել:

Անդրադառնալով երեկ՝ նոյեմբերի 16-ին, Արմավիրի մարզի Վաղարշապատ խոշորացված համայնքում կատարված ընտրություններին և «Քեմալան պայմանագրի» պյուռոսյան «հաղթանակին», առաջին ցանկությունս այն է, որ բոլոր իրական ընդդիմադիրները կատարվածից ճիշտ հետևություններ կատարեն և իմանան, թե այսուհետ ինչ են անելու…

Ի՞նչ է՝ նրանց հայտնի չէ՞ր, որ ընտրակեղծիքներ, ընտրախախտումներ, ահաբեկում- հանցագործություններ են լինելու… Եվ եղել են, այն էլ՝ ինչպիսի… Սկսած՝ ընտրություններից ընդամենը 4 օր առաջ, «Մայր Հայաստան» կուսակցության տեղեկացմամբ, անհայտ անձանց կողմից իր աջակից, բլոգեր Օմա Հարությունյանին գետին տապալելուց և առևանգելուց, մինչև ընտրական գործընթացի ժամանակ ընտրատեղամասերում էլեկտրաէներգիայի անջատումներ, չկնիքված քվեատուփեր, տարբեր հասցեներում տասնյակներով ապօրինաբար հաշվառված, այդ հասցեների հետ կապ չունեցող մարդիկ, և այլն, և այլն…

Ընտրություններից հետո էլ, հենց այսօր զանգվածային ահաբեկում կամ առնվազն դրա փորձ է կատարվել Նիկոլի կամակատար «իրավապահների» կողմից: Ինչպես տեղեկանում ենք «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի օգտատերերից Լիա Սարգսյանի ֆեյսբուքյան էջում կատարված գրառումից, ժամեր առաջ իրավապահները սկսել են խուզարկություններ իրականացնել «Հաղթանակ» դաշինքի ավագանու անդամների տներում: Խուզարկել են Կարեն Գևորգյանի, Արմեն Դավթյանի, Մայիս Մելքոնյանի, Տիգրան Գևորգյանի տները: ««Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ իրավապահները մտադիր են մտնել նաև դաշինքը գլխավորած Սևակ Խաչատրյանի տուն»:

Եվ ի՞նչ է՝ ուզում էիք, որ այս ամենից հետո, այս ամենի պայմաններում «Քեմալական պայմանագիրը» կամ նրա թեկնածուն չհաղթեի՞ն…Ինչ- որ հրաշքի՞ էիք սպասում կամ հավատում…

Սոցիալական ցանցերում, ԶԼՄ- ներում ոմանք այսօր արդեն սկսել են երեկվա ընտրություններում ընդդիմության ձախողման պատճառների փնտրտուքը, վերլուծություններ են կատարում, մեղավորներին հեշտ ու հանգիստ «բացահայտում», նշավակում, խարազանում, մեղադրում, և հիմնականում որպես մեղավոր թիրախավորելով էջմիածինցիներին, Վաղարշապատ խոշորացված համայնքի ընտրողներին, կամա թե ակամա, գիտակցաբար թե անգիտակցաբար ջուր լցնում Նիկոլ հայադավի և իր ոհմակի ջրաղացին:

Բնավ չեմ զարմանա, եթե պարզվի, որ այդ կերպ վարվողների մի մասը, գուցե և մեծ մասը ծպտյալ նիկոլականներ են: Դե, ոհմակն էլ հենվելով նրանց տված այս հիմքի վրա, ասում է՝ մեզանից ինչ եք ուզում, մեզ էջմիածինցիներն են ընտրել, ձեզ չեն ընտրել, քչերն են ձայն տվել, մերժել են, և վերջում՝ կերա՛ք, մերժվածներ… Եվ այս ամենում սվաղվում, կոծկվում է ընտրակեղծիքների, ընտրախախտումների, ընդդիմության աջակիցների առևանգման, ահաբեկման ունեցած հետևանքն ընտրությունների արդյունքների վրա:

Քավ լիցի, թող այն տպավորությունը չստեղծվի, թե փորձում եմ արդարացնել Վաղարշապատ համայնքի բոլոր ընտրողներին, այսինքն՝ նաև այն հակահայերին, ներառյալ՝ հնարավոր կաշառվածներին, ինչպես նաև խաբված- մոլորվածներին, ահաբեկվածներին, ովքեր իրենց ձայնն իսկապես տվել են «Քեմալական պայմանագրի» թեկնածուին՝ ի սրտե, թե ինչ- որ ահաբեկման, կաշառման արդյունքում: Բայց ամբողջ խնդիրն այն է, թե նրանք իրականում ընտրողների քանի տոկոսն են եղել՝ մեծամասնությո՞ւնը, թե փոքրամասնությունը, և, բացի այդ, արդյոք այն քանա՞կը, որը ներկայացվել է պաշտոնապես, և որն անհրաժեշտ է համարվել «Քեմալական պայմանագրի» թեկնածուին հաղթած ներկայացնելու համար… Կարծում եմ, վերոշարադրյալից արդեն դժվար չէ այս հարցի պատասխանը հասկանալ…

Ահա թե այս կապակցությամբ ինչ է գրել «Ֆեյսբուք»- ի օգտատերերից Արման Մխիթարյանն իր էջում.

«Էջմիածինցին բարձր արժանապատվություն ունի, չհամարձակվեք մեղադրել նրանց։

Եթե ուզում եք քպ իրական թիվն իմանալ Վաղարշապատում նայեք նախորդ օրվա հանրահավաքի նկարին ուր մարզերից բերել լցրել էին, որ քանակ ցույց տան այդքանով հանդերձ 1500 հոգի չէր լինի։

Իսկ ընտրություն կեղծելու հազար ու մի տարբերակ կա որից ընդամենը մի քանիսն են արձանագրվել, հովհարային անջատումները դասական տարբերակ են, չկնիքված քվեատուփերը նույնպես։

Չենք մոռանում նաև կեղծ անձնագրերի և տարբեր հասցեներում գրանցված տասնյակներով մարդկանց մասին, ինչպիսին հայտնաբերել էր ավագանու անդամներից մեկը (իր տան հասցեի վրա 9 օտար մարդ էին գրանցել)։

Այնպես, որ հիմա Վաղարշապատցին պետք է ոտքի ելնի ու պահանջի հաշվի նստել իր քվեի հետ»։

Այո, ինչպես վերոնշյալ գրառման ներքո կատարած մեկնաբանությունում նկատել է ազատամարտիկ, պահեստազորի սպա Արմեն Ալեքսանյանը, իրենցից՝ հերոս Ռոբերտ Աբաջյանի պապին կեղծողներից, «տուշոնկա» գործողության կազմակերպիչներից ամեն ինչ կարելի է սպասել:

Նույն սոցիալական ցանցի օգտատերերից մեկ ուրիշը՝ Հայկ Մովսիսյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է .

«Էջմիածնում ընտրությունից հետո սկսված խուզարկությունները ևս մեկ անգամ փաստում են, որ նիկոլը պարտվել է:

Պարտվել է քանի որ 69866 ընտրողից իրենց ձայն է տվել ընդհամենը 15298-ը:

Ասեմ ավելին հենց Էջմիածնում է ինքը պարտվել, իսկ մնացածը ցնցումների արդյունք են: Եվ հենց այդ ցնցումներն ու վախերն են նրան ստիպում, որ մինչև 2026-ի ընտրություններ կալանավորի բոլոր ակտիվ դերակատարներին, որպեսզի իրականացնի իր հերթական քարոզարշավ շուն: Թե բա ուզում էիք բռնել եմ էլ ի՞նչ եք ինձանից ուզում:

Այստեղ, սակայն ամեն ինչ հակառակ էֆեկտն է լինելու և ամեն ինչ ճիշտ աշխատելու դեպքում շուռ է գալու հենց իրենց դեմ:

Աղվեսը վերջիվերջո երկու ոտքով է թակարդը ընկնելու:

Պինդ մնանք մեր արժեքներով և մեր հավատքով»:

Այնուհանդերձ, եթե համարենք, որ «Քեմալական պայմանագրի» թեկնածուին իրականում քվե տվածները պաշտոնապես ներկայացվածի կեսն են կամ կեսից քիչ ավելին, ապա դա էլ քիչ չէ, սոսկալիորեն քիչ չէ, քանի որ Նիկոլ հայադավի կողմից Արցախի Հանրապետությունը, ինչպես նաև Հայաստանի տարածքների մի մասը պետական դավաճանությամբ Ալիևին վաճառելուց կամ նվիրելուց, միով բանիվ, Ադրբեջանին հանձնելուց հետո նույնիսկ մեկ ընտրող չպետք է իր քվեն տար «Քեմալական պայմանագրի» թեկնածուին: Վերոնշյալ իրողությունը վկայում է մեզանում ինչպես հակահայերի, այնպես էլ խաբված- մոլորվածների մեծ զանգվածի գոյության մասին:

Հիմա հաճախ կարելի է հանդիպել մեկնաբանությունների, որ երեկվա ընտրություններում ընդդիմության չհաղթելու հիմնական պատճառն ընտրություններին ընտրողների ցածր մասնակցությունն է եղել: Իսկ քանի՞սն են հարց տվել թեկուզ իրենք իրենց, թե ինչու է ընտրողների մասնակցության տոկոսը ցածր եղել, կամ «Քեմալական պայմանագրի» թեկնածուին քվե տվածների շարքերում հակահայերից, ահաբեկվածներից բացի, ինչո՞ւ են նաև խաբված- մոլորվածներ եղել, Նիկոլ հայադավը և ոհմակն ինչպե՞ս են կարողացել խաբել նրանց…

Բազմաթիվներից ընդամենը մեկ օրինակ բերեմ՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող սեռական հարաբերությունն իր քեռակնոջ հետ, արհեստական բանականության միջոցով, տեսանյութերի մոնտաժով սարքված այդ հրեշավոր կեղծիքը՝ ուղղված ոչ միայն նրա, այլև Մայր Աթոռի և խորքում՝ վերջինիս աջակից ընդդիմության դեմ, հրեշավոր կեղծիք և հանցագործություն, որի հեղինակը կամ հեղինակներն առ այսօր պատժված չեն: Ճիշտ է, ընդդիմության հայացքները ներկայացնող մի շարք ԶԼՄ- ներ ներկայացրեցին իրականությունը, Արշակ սրբազանն ինքն էլ հերքեց իրեն վերագրվող այդ հրեշավոր կեղծիքը, բայց Վաղարշապատ համայնքի ընտրողներից քանի՞սն իմացան այդ մասին: Վստահ եմ՝ քչերը, և նաև սրանով է պայմանավորված երեկվա արդյունքը:

Չպետք է մոռանալ, որ Նիկոլ հայադավը և իր ոհմակը զինված ենիչերիներից բացի, ընդդիմությունից առավելություն ունեն մի շատ կարևոր զենքի՝ տեղեկատվական, քարոզչական միջոցների առումով: Սա չմոռանալը շատ կարևոր է: Եվ, ուրեմն, Նիկոլ հայադավը, ինքն էլ չգիտակցելով, ընդդիմությանը երեկ հերթական դասը տվեց, թե որն է գերագույն գլխավոր ՉԱՐԻՔԻՑ ազատվելու միակ ճանապարհը: Այլ խնդիր է, թե ընդդիմադիրներից ովքեր հասկացան դա, և արդյոք յուրացրեցի՞ն այդ դասը…

Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 311

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ